Կատեգորիա Մեր մասին

Մեր մասին

Ագրոպարենային համակարգը Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն բնագավառներից է, որը տալիս է երկրի համախառն ներքին արտադրանքի մինչև քառասուն տոկոսը: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հանրապետությունում իրականացվող տնտեսական բարեփոխումներն առաջինը սկսվեցին հենց ագրոպարենային համակարգի առանցքային օղակից` գյուղատնտեսությունից: Այս ոլորտի կայուն զարգացման համար կարևոր հիմնախնդիրներից մեկը նոր պայմաններում համապատասխան որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործընթացի էական բարելավումն է: Ուստի, գյուղատնտեսության զարգացման քաղաքականության գիտականորեն հիմնավորված ռազմավարության մեջ անհրաժեշտ կադրերի պատրաստման դերն ու նշանակությունն ակներև են, իսկ ագրոպարենային համակարգի բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունը, գիտությունը և խորհրդատվությունը կարևոր են Հայաստանի ինչպես ներկայի, այնպես էլ ապագայի համար, և լուրջ գործոն են տնտեսական կայուն աճի և աղքատության հաղթահարման գործում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) հանրապետության միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն է իրականացնում բուսաբուծության, անասնաբուծության և անասնաբուժության, պարենամթերքի տեխնոլոգիաների, գյուղատնտեսական մեքենաների և արտադրական գործընթացների մեքենայացման ոլորտներում։ ՀԱԱՀ կրթության բնագավառում հանրապետության առաջնակարգ բուհերից է և միակը, որն առաջարկում է չորս փուլից բաղկացած կրթություն գյուղատնտեսության և սննդի բնագավառներում (միջին մասնագիտական, բակալավրային, մագիստրոսական, հետբուհական):

Ագրոպարենային ոլորտի կրթության և խորհրդատվության, ուսումնափորձնական և գիտաարտադրական բազայի զարգացման նպատակներով Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում 2013 թ. սեպտեմբերի 5-ին «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի և ՀԱԱՀ հիմնադրամի միջև դրամաշնորհային պայմանագրով ստեղծվել է Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնը (ԱՀՈԻԱԿ):

Նորաստեղծ կենտրոնի առաքելությունն է տարածաշրջանում դառնալ  ագրոպարենային համակարգի օրինակելի ձեռնարկություն և ծառայություններ մատուցում գյուղատնտեսության վարման, տեխնիկայի շահագործման, կենսաէներգիայի և ոլորտի այլ բնագավառներում խորհրդատվական և տեղեկատվական ուղղություններով։

Ծրագրի նպատակը ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոն ստեղծելու և ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայով այն համալրելու ճանապարհով մասնագետների պատրաստման մակարդակի համապատասխանեցումն է աշխատաշուկայի պահանջարկին:

Կենտրոնի նպատակներն են.

  • Ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ներմուծման ճանապարհով համալսարանի, նրա մասնաճյուղերի և քոլեջների նյութատեխնիկական բազայի վերազինումը,
  • Համալսարանի ու նրա մասնաճյուղերի, քոլեջների, ինչպես նաև հանրապետության գյուղատնտեսական ոլորտի այլ քոլեջների շրջանավարտների՝ աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան զբաղվածության ապահովումը,
  • Գյուղական երիտասարդության համար կրթական համակարգի մատչելիությանն ուղղված միջոցառումների իրականացումը, պետական հովանավորումը, ֆինասավորման նոր աղբյուրների ներգրավումը,
  • Կադրերի վերաորակավորման և վերապատրաստման միջոցով գյուղական բնակչության զբաղվածության հետ կապված սոցիալական հարցերի մեղմացումն ու լուծումը,
  • Ագրարային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնի` շրջակա ֆերմերային տնտեսություններին մեքենայացված գյուղատնտեսական աշխատանքների պայմանագրային ծառայությունների մատուցումը:

Կենտրոնի նպատակային խմբերը ՀԱԱՀ-ի, նրա մասնաճյուղերի և գյուղատնտեսական քոլեջների նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերի ուսանողներն են, դասախոսները, ՀՀ և տարածաշրջանի երկրների ֆերմերները, գյուղարտադրությամբ և վերամշակմամբ զբաղվողները, մարզային, համայնքային, պետական և մասնավոր խորհրդատվական մարմինների մասնագետները։